Ինչպես նշեցինք այս հոդվածի երկրորդ մասում, դրական մտածելակերպը ցանկացած իրավիճակում կառուցողական և լավատեսական մոտեցում ցուցաբերելու փորձառությունն է, որն արտահայտվում է մեր մտածողությունում, հույզերում, խոսքում և գործողություններում: Ըստ Ուինսթոն Չերչիլի՝ դրական մտածողություն ունեցող մարդը տեսնում է անտեսանելին, զգում է անհասանելին և հասնում անկարելիին:
Դրական մտածելակերպը այն հիմնաքարային սովորույթն է, որը կօգնի քեզ ձևավորել մյուս բոլոր կարևոր սովորույթները: Միայն դրական մտածելակերպն իհարկե չի կարող քեզ կյանքում հաջողության տանել, սակայն այն քեզ մոտիվացնելու ու քաջալերելու լուրջ խթան է, առանց որի դու չես կարող ի կատար ածել քո առջև դրված կարևոր նպատակները: Այն նաև քեզ երջանկություն պարգևելու գաղտնիքներից մեկն է, քանի որ լավատեսությունն ու ինքնահարգանքը երջանիկ կյանք վարող մարդկանց լավագույն ցուցիչներից են: Երջանիկ մարդիկ իրենց կարող են զգում, տնօրինում են սեփական կյանքը և դրան դրական հայացքով են նայում:
Ահա մի քանի օգտակար գործնական խորհուրդներ, որոնք կօգնեն քեզ զարգացնել այս անփոխարինելի սովորույթը.
- Նոթատետրում գրի՛ առ բացասական մտքերդ, որոնք ի հայտ են գալիս օրվա ընթացքում: Քեզ անհանգստություն պատճառող բացասական մտքերդ ճանաչելը կօգնի կենտրոնացնել ջանքերդ և նշանակալիորեն կարագացնի դրական մտածողության ձևավորման ընթացքը: Մտքերդ թղթի վրա տեսնելը, ըստ հոգեբանների, հաճախ օգնում է պարզել կամ բոլորովին այլ տեսանկյունից նայել, թե որն է քո մոտեցումը տվյալ իրավիճակին:
- Օրվա ընթացքում ինքդ քեզ համար բարձրաձայնի՛ր դրական համոզմունքներ, բայց հիշիր, որ դու ցանկանում ես քաջալերել, այլ ոչ թե խաբել ինքդ քեզ: Օրինակ` ես կարող եմ մարմնամարզություն անել և ինձ շատ ավելի լավ զգալ, և ես գիտեմ, որ կարող եմ այդ անել: Սա դրական համոզմունքի օրինակ է: Մի կրկնիր այնպիսի համոզմունքներ, որոնք գիտես, որ ամբողջովին սխալ են (օրինակ`«ես նիհար եմ», երբ կշռում ես քո նորմայից 15 կգ ավել): Սա կարող է հակադարձ ազդեցություն ունենալ և էլ ավելի խորացնել քո բացասական մտածելակերպը:
- Հակիրճ գրի՛ր կարճաժամկետ առաջադրանքների մի ցանկ, սակայն «կատարելության» մի՛ ձգտիր: Ուղղակի կենտրոնացիր յուրաքանչյուր առաջադրանքն անելու վրա և տոնիր ջանքերդ, լինեն դրանք հաջողված, թե՝ ոչ: Մեր առաջ խնդիրներ դնելը և դրանք հետապնդելը մեզ հույս և նպատակ են ներշնշում` երկու բան, որոնք շատ կարևոր են դրական և ուրախ կյանքով ապրելու համար:
- Դրական մարդկանց հետ կապեր հաստատիր և խուսափիր բացասական մարդկանցից: Համաձայն Psychology Today ամսագրի` քաջալերող և ոգեշնչող մարդիկ կարող են քո կյանքում «բուֆերներ լինել հիասթափությունների և հետընթացի վնասակար ազդեցությունների դեմ»:
- Կամավոր ծառայություններ կատարիր քո համայնքում կամ որևէ այլ տեղ: Երբ չափից դուրս շատ ժամանակ ես ծախսում սեփական խնդիրներովդ ապրելու վրա, շատ հեշտ է կլանվել սթրեսի և բացասական հույզերի մեջ: Այլ մարդկանց օգնելով` կարող ես ազատել մտքերդ և քեզ լավ զգալ ներդրումներիդ համար:
- Կանոնավոր մարմնամարզություն արա` ֆիզիկական և հուզական առողջությունդ բարելավելու համար: Մարմնամարզությունը երջանկության հորմոններ` էնդորֆիններ է արտադրում, որոնք մարմնիդ կհանգստացնեն և թեթևություն կհաղորդեն քեզ ողջ օրվա ընթացքում: 2000թ. “Psychosomatic Medicine” ամսագրում տպագրված հետազոտության համաձայն` շաբաթական 3 անգամ, կես ժամով մարմնամարզությամբ զբաղվելը նույնքան էֆեկտիվ է, որքան դեպրեսիայի դեմ գրված դեղատոմսը:
- Ամեն առավոտ շնորհակալություն հայտնիր ինչ-որ բանի համար` մինչ վեր կկենաս անկողնուց: Որքան էլ դժվար հանգամանքներում հայտնված լինես, միշտ կլինի մի բան, որի համար կարող ես շնորհակալություն հայտնել Աստծուն և մտապահել այն՝ օրդ սկսելուց առաջ: Սա կօգնի քեզ դրական մտածելակերպ ձևավորել:
Մի վերջին կարևոր միտք. ինչպես մյուս այլ սովորույթները,այնպես էլ դրական մտածելակերպը որոշ ժամանակ և ջանքեր է պահանջում, և դու, հնարավոր է, արագ հուսախաբ լինես, երբ տեսնես, որ մեկ գիշերում ամբողջությամբ չես կերպարանափոխվել:
Երբեք մի հանձնվիր:
Քրիստինա Սիմոնյան
Հոդվածի առաջին մասին կարող եք ծանոթանալ այստեղ:
Հոդվածի երկրորդ մասին կարող եք ծանոթանալ այստեղ: