Մտքի ուժը (մաս 2)

Մինչ կշարունակենք խոսել մտքի և նրա ազդեցության մասին, շատ օգտակար կլինի ծանոթանալ դրական մտածողության այս պարզ սահմանմանը. դրական մտածելակերպը ցանկացած իրավիճակում կառուցողական և լավատեսական մոտեցում ցուցաբերելու փորձառությունն է, որն արտահայտվում է մեր մտածողությունում, հույզերում, խոսքում և գործողություններում:

Իսկ այժմ մենք մեզ համար կբացահայտենք մտքի ուղղակի ազդեցությունը մեր առողջության վրա, այն է՝ ինչպես է դրական մտածելակերպն ու լավատեսությունը բարենպաստ ազդեցություն ունենում մեր առողջական վիճակի վրա: Սա ընդմիշտ հիշելով՝ շատ կարևոր է չմոռանալ նաև բացասական մտածելակերպի վնասակար հետևանքները, ինչպես մեր ֆիզիկական, այնպես էլ հուզական, մտավոր և հոգեկան առողջության վրա:

Այսպես, ըստ աշխարհահռչակ «Մայո» կլինիկայի ուսումնասիրությունների` դրական մտածելակերպ ունեցողների մոտ առկա են հետևյալ առողջական ցուցանիները.

  • Բացասական սթրեսի նվազում
  • Մրսելու նկատմամբ ավելի բարձր դիմադրողականություն
  • Բարեկեցության և առողջության բարելավման զգացում
  • Շնչառական հիվանդությունների ռիսկի նվազում
  • Բարձր ռիսկի հղիությամբ կանանց տոկունության շատ ավելի բաձր աստիճան
  • Կյանքի դժվարությունները դիմագրավելու ավելի մեծ հմտություններ

Շարունակելով այլ հետաքրքիր փաստերով հաստատել միտք-մարմին կապը` ուշագրավ է Associated Press-ի 2005թ. թողարկած հոդվածը: Այն փաստում է հետևյալը.

«Քանի դեռ մենք մտածում ենք, որ ցավազրկող դեղամիջոցներն օգնում են, դրանք կարծես ազդում են մեզ վրա, սակայն երբ դադարում ենք մտածել, որ դրանք արդյունք են տալիս, դրանք իրականում այլևս ոչ մի ազդեցություն չեն ունենում: Մեր մտքերն ուղղակի անհավատալի են»։

Մասաչուսեթս նահանգի պրոֆեսոր Դեն Էրիելին և իր կոլլեգաները կեղծ մի տեստ են պատրաստել և խնդրել մի խումբ մարդկանց անցնել էլեկտրական շոկի երկու փուլեր` որոշակի ցավազրկող դեղահաբ ընդունելուց առաջ և հետո: Առաջին փուլում էլեկտրական շոկն առանց ցավազրկողի ստանալուց հետո նրանք անցել են հաջորդ փուլին` նախապես ընդունելով “Veladone-Rx” կոչվող ցավազրկողը: Տեստ անցկացնող մասնագետները խմբի մի մասին ասել են, որ “Veladone-Rx”-ի յուրաքանչյուր դեղահաբն արժե 2.5 դոլլար, մինչդեռ մյուս մասին տեղեկացրել, որ նրանցից յուրաքանչյուրի արժեքն ընդամենը 10 ցենտ է: Գրեթե բոլոր մարդիկ, ովքեր մտածել են, որ դեղահաբը 2.5 դոլլար է ցավի նշանակալի թեթևացում են արձանագրել` հաբն ընդունելուց հետո էլեկտրական շոկի ենթարկվելով, մինչդեռ մյուս խմբի կեսը, որոնք կարծում էին` հաբը 10 ցենտ է, ոչ մի ցավազրկում չեն զգացել:

Ինչ վերաբերում է “Veladone-Rx”-ին, ապա այն եղել է ոչ ավելին, քան վիտամին C:

Ո°րն է պրոֆեսոր Էրիելիի փորձի իմաստը: Մարդիկ մտածում են` թանկարժեք ապրանքներն ավելի արդյունավետ են, քան նրանք, որոնք էժան են: Յուրաքանչյուրը իբր 2.5 դոլլար արժողությամբ հաբերը չեն ունեցել ցավը մեղմացնող որևէ հատկություն, սակայն մարդիկ ակնկալել են, որ դրանք էֆֆեկտիվ կլինեն, որովհետև թանկ արժեն: Այս մարդկանց սպասումները նրանց տրամադրել են դրականորեն մտածելու հաբերի մասին և դրական արդյունք արձանագրելու, այն դեպքում, երբ հաբերն ընդամենը մարդկանց վիտամին C-ի տոկոսն են բարձրացրել:

Այսօր մտածիր. ի°նչ է առաջինը գալիս քո մտքին, երբ հարցնում եմ. ի°նչ կերպերով է սեփական միտքդ քո դեմ աշխատում: Այս հարցի շուրջ մտորելը կօգնի քեզ վեր հանել քո բացասական մտքերը և դրանք քայլ առ քայլ փոխարինել նոր, առողջ և դրական մտքերով:

Ամփոփելով` հիշենք, որ դրական մտածելակերպը լավ է անդրադառնում մեր հույզերի, գործողությունների և հետևաբար` նաև որոշումների վրա, սակայն վերը նշված հետազոտությունները և նման շատ այլ նորագույն ուսումնասիրություններ այսօր հստակ սահմանում են, որ դրական մտածելակերպը չափազանց օգտակար է նաև մեր ֆիզիկական բարեկեցության համար: Եթե մենք ցանկանում ենք ունենալ առողջ կյանք, ապա նախ պետք է ունենանք առողջ միտք, իսկ դա սկսվում է բացասական մտքերը դրական մտքերով փոխարինելուց:

Հոդվածի առաջին մասին կարող եք ծանոթանալ այստեղ:

Քրիստինա Սիմոնյան

Comments

comments