Մտահոգություններդ հաղթահարելու ռազմավարություն

Մենք բախվում ենք տարբեր խնդիրների ու դժվարությունների, որոնք ծագում են աշխատավայրում, համալսարանում կամ անձնական կյանքում: Այս խնդիրները դժվարացնում են մեր կյանքը, զայրույթ ու մտահոգություն են առաջացնում: Դրանք մեր կյանքը պարզապես անտանելի են դարձնում: Մենք մտահոգվում ենք այս խնդիրներով և ցանկանում ենք լուծել դրանք: Դրանք կարող են կապված լինել առողջական, աշխատանքային, տնտեսական, ընտանեկան կամ քաղաքական/ազգային խնդիրների հետ:

Մենք անհանգստանում ենք այս խնդիրների համար, խոսում ենք դրանց մասին ընկերների հետ և հաճախ փորձում ենք լուծումներ գտնել:

Արդյունավետ մարդկանց յոթ սովորույթները գրքում Սթիվեն Քովին խոսում է այդ խնդիրների մասին` անվանելով դրանց ամբողջությունը Հոգսերի շրջանակ: Սրանք այն խնդիրներն են, որոնք մտահոգում են մեզ, և որոնք մենք ուզում ենք հաղթահարել:

Քովին նաև խոսում է այլ շրջանակի մասին: Նա այն անվանում է Ազդեցության շրջանակ:

Այս շրջանակը ընդգրկում է այն ամենը, ինչի նկատմամբ մենք ուղղակի և անուղղակի ազդեցություն ունենք: Օրինակ` ես լիարժեք կերպով կարող եմ կառավարել իմ ռեսուրսները, ինչպիսիք են` ժամանակն ու փողը: Ես եմ որոշում` ինչպես անցկացնել իմ ժամանակը և ինչ անել իմ գումարի հետ: Կան բաներ, որոնց վրա ես ունեմ անուղղակի ազդեցություն: Օրինակ` ես անուղղակի ազդեցություն ունեմ իմ ընկերների, ծնողների և նույնիսկ ղեկավարի վրա: Եթե այս մարդիկ սիրում և վստահում են ինձ, ես հաստատ կարող եմ ազդել նրանց որոշումների վրա:

Սովորաբար իմ ազդեցության և հոգսերի շրջանակների միջև ընդհանուր բաներ կան: Կան որոշ հոգսեր, որոնց նկատմամբ ես ազդեցություն ունեմ: Օրինակ` ես ուղղակի և մեծ ազդեցություն ունեմ իմ քննությունների վրա, որոնց համար մտահոգված եմ: Սա շատ պարզ է: Եթե լավ սովորեմ, լավ գնահատականներ կստանամ: Եթե լավ չեմ սովորում, ես մեծացնում եմ քննություններում տապալվելու հավանականությունը:

Կան հոգսեր, որոնց վրա ես շատ քիչ ազդեցություն ունեմ կամ ընդհանրապես չունեմ: Օրինակ` ես շատ փոքր ազդեցություն ունեմ այն բանի վրա, թե ով կընտրվի` որպես իմ երկրի նախագահ: Նմանապես ես չեմ կարող ազդել երկրում գների ուռճացման կամ աշխատաշուկայում տիրող իրավիճակի վրա: Սրանք իմ ազդեցության շրջանակից դուրս են:

Սթիվեն Քովին առաջարկում է մեր ռեսուրսներն ու եռանդը ծախսել մեր ազդեցության շրջանակի վրա: Իմաստ չունի աշխատել այն հոգսերի վրա, որոնց նկատմամբ ես ազդեցություն չունեմ:

Քովին մեզ հիշեցնում է մի շատ կարևոր փաստի մասին: Եթե մենք կենտրոնանում ենք մեր ազդեցության շրջանակի վրա, մենք այն ընդարձակում ենք` ավելի ու ավելի ծածկելով հոգսերի շրջանակը: Հետևաբար, մենք կարողանում ենք փոխել այն ամենը, ինչի վրա նախկինում ազդեցություն չունեինք:

Օրինակ` դու մտահոգված ես քո աշխատավարձով: Այն բավարար չէ` քո կարիքները հոգալու համար: Սա դուրս է քո ազդեցության շրջանից, որովհետև քո ղեկավարը չի բարձրացնի աշխատավարձդ: Դու կարող ես քո ժամանակը, եռանդն ու հույզերը վատնել` աշխատակիցներիդ և ընկերներիդ բողոքելով քո աշխատավարձի մասին: Սա քեզ բոլորովին չի օգնի, որովհետև քո ընկերներն ու աշխատակիցները չեն կարող բարձրացնել քո աշխատավարձը: Փոխարենը դու կարող ես աշխատել քեզ վրա` բարելավելով քո հմտությունները, ավելի ջանասիրաբար ու լավ աշխատելով ու քեզ ավելի արժեքավոր դարձնելով ղեկավարիդ համար: Սա հաստատ քո ազդեցության շրջանակում է: Ավելի արժեքավոր դառնալով ղեկավարիդ համար և լինելով ավելի գիտակ գործիդ մեջ` քո ղեկավարը այլ ընտրություն չի ունենա, եթե ոչ բարձրացնել քո աշխատավարձը: Նա չի ցանկանա կորցնել քեզ: Եթե նա չբարձրացնի քո աշխատավարձը, դու անկասկած կգտնես ավելի բարձր աշխատավարձով աշխատանք: Երկու դեպքում էլ դու շահում ես:

Այս մոտեցումն արդյունավետ է հարաբերությունների և աշխատանքի բոլոր ոլորտներում:

Դու կարող ես ընդլայնել քո ազդեցության շրաջանակը` կենտրոնանալով այն ամենի վրա, ինչի նկատմամբ ազդեցություն ունես, որը, խոշոր հաշվով, դու` ինքդ ես: Դու կարող ես ազդել քո աշխատակիցների վրա` դառնալով մեկը, ում մարդիկ սիրում և հարգում են: Դու կարող ես հասնել դրան` լինելով գիտակ քո աշխատանքային ոլորտում, սիրով, հոգատար, բարի և ծառայելու պատրաստակամ: Ազնիվ և հավատարիմ դառնալու նպատակով աշխատելով քո բնավորության վրա` մարդիկ, անկասկած, կհարգեն քեզ:

Մեկ վերջին միտք. ամեն անգամ, երբ խնդիր ունես որևէ մեկի հետ, մի վատնիր հուզական ռեսուրսներդ և ժամանակդ` բարկանալով այդ մարդու վրա և մարդկանց պատմելով քո ցավի մասին: Դու չես կարող փոխել այդ մարդուն: Նա քո ազդեցության շրջանակից դուրս է: Փոխարենը, ձգտիր սովորել այդ իրավիճակից: Ոսումնասիրիր ինքդ քեզ: Ինչու դու նման ձևով վարվեցիր կամ արձագանքեցիր: Արդյոք ունեիր արձագանքելու կամ գործելու ավելի լավ այլընտրանք, այլընտրանք, որը ավելի շատ օգուտ կտար տվյալ իրավիճակում: Օգտագործիր այդ` որպես ինքդ քո մասին ավելին սովորելու, աճելու և ավելի լավ մարդ դառնալու հնարավորություն:

Աճելով և ավելի լավ մարդ դառնալով` դու ի վերջո ավելի դրական ազդեցություն կունենաս այդ անձի նկատմամբ, և հավանաբար կսովորես խուսափել նման խնդիրներից:

Հ.Ն.

Comments

comments