Հասնել երազանքին՝ դժվարությունները վերածելով հնարավորությունների

Մենք բոլորս ցանկանում ենք իրականացնել մեր երազանքները, բայց, ցավոք սրտի, կյանքի դաժան անակնկալները մեզ հաճախ են հետ պահում մեր երազանքներն իրականացնելուց:

Օրինակ`հաճախ մեր հայկական իրականության մեջ լսում ենք բողոքներ ոչ արդար աշխատանքային պայմաններում կամ չսիրած/չընտրած աշխատանքով զբաղվելու վերաբերյալ, այսինքն՝ երկար աշխատանքային ժամերի դիմաց քիչ վճար են տալիս՝ սահմանափակելով երիտասարդի՝ իր վրա աշխատելու և ավելիին հասնելու հնարավորությունը:

Մեկ այլ դժվարություն է ծնողների կողմից հոգեբանական ճնշումը (ամուսնանալ և երեխաներ ունենալ «ժամանակին», սխալ խորհուրդներ աշխատանքի և կյանքի վերաբերյալ և այլն) երիտասարդների հանդեպ:

Այս ամենից հետո ինչպե՞ս իրականացնել երազանքը, ինչպե՞ս չհուսահատվել, ինչպե՞ս պայքարել և ինչպե՞ս հաղթահարել խոչընդոտները: Ցավոք, շատ մարդիկ են երազանքներն իրականացնելու ճանապարհին կոտրվում, հարմարվում ոչ ցանկալի իրականությանը, դադարում պայքարելուց և դադարում երազելուց: Սակայն մեկ այլ մարդկային որակ էլ կա, որը ոչ մի ձևով չի տապալվում դժվարությունների առջև, այլ հակառակը`դժվարությունները որպես առիթ է օգտագործում՝ ավելիին հասնելու համար:

Հետադարձ հայացքով նայելով մարդկության պատմութանը` եկեք հիշենք Հուգ Հերրին (Hugh Herr), որն իր երկու ոտքերը կորցրել է լեռնագնացության/ալպինիզմի ժամանակ: Հուգն այսօր աշխարհին հայտնի է բարձր որակով և ճկուն տեխնիկայով պրոթեզների նորարարությունով: Իր հետ պատահած դժբախտությունը նպաստել է Հուգի մոտ մի այլ երազ ձևավորելուն՝ տեխնիկապես զարգացած այնպիսի պրոթեզներ պատրաստելուն, որոնք ավելի նման կլինեն բնականին: Այն դասերը, որ Հուգը քաղել էր իր հաշմանդամության դժվարություններից, օգնել են նրան սարքավորելու եղածների մեջ լավագույն պրոթեզները:

Ինչու՞ Հուգը չի հուսահատվում, ինչու՞ Հուգը իր կյանքի երազանքը չի կորցնում`անգամ ոտքերը կորցնելուց հետո: Կարելի է նաև ասել`ոչ միայն չի կորցնում, այլև ավելին է գտնում. Հուգի ստեղծած պրոթեզները ավելի բնականին են նման`նմանակելով մարդու մկանների ֆունկցիաները: Այս պրոթեզների պատճառով բազում հաշմանդամ զինվորներ և մարզիկներ են մխիթարվել: Ո՞րն է Հուգի գաղտնիքը:

Այս պատմությունը քաջալերում է մեզ՝ ուրիշ աչքերով նայելու մեր կյանքի խոչընդոտներին և, ինչու ոչ, նաև ցավերին: Հուսահատվելու փոխարեն`եկեք ստեղծագործ մտքով մոտենանք մեր խնդիրներին և հաղթահարենք խոչընդոտները:

Կյանքի կողմից նետված մարտահրավերների և դժվարությունների հանդեպ դրական մոտեցում ունենալը մեծ դեր է խաղում այդ դժվարությունները հաղթահարելու գործում: Իր «Արդյունավետ մարդկանց յոթ սովորույթները» գրքում Սթիվեն Քովին գրում է մարդու ընտրելու կարողության մասին, ասել է թե`մարդը կարող է ինքն ընտրել իր արձագանքը այն բոլոր իրադարձությունների նկատմամբ, որոնք պատահում են իր կյանքում: Թեպետ կյանքը կարող է մեզ բազում դաժան անակնկալներ և դժվարություններ մատուցել, մենք պետք է թույլ չտանք, որ վերջիններս թելադրեն մեզ մեր արձագանքը: Մենք պետք է ինքներս ընտրենք մեր պատասխանը կամ մոտեցումը, որը չափազանց կարևոր է՝ մեր երազանքներին հասնելու համար: Քովին ասում է, որ դա հնարավոր է: Մենք ճիշտ ընտրություններ կատարելու կարողություն ունենք: Այս ընտրությունները կատարելով՝ մենք գործադրում ենք մեր ազատ կամքը:

Ըստ Ստիվեն Քովիի՝ հոգեբանական այս սկզբունքը կյանքի բոլոր հանգամանքներում նախաձեռնող լինելու անկյունաքարն է:

Հուգը շարունակում է լեռնագնացությունը՝ ոտքերը կորցնելուց հետո: Սա քեզ կքաջալերի համոզվելու, որ ճշմարիտ երազանքը հնարավոր չէ սպանել. այն երբեք չի մեռնում:

Հասմիկ Բաբայան

 

Comments

comments