Ինչու՞ խատուտիկ. ահա այն հարցի պատասխանը, որն անկասկած շատերին կհետաքրքրի:
Առաջին հայացքից այս փխրուն ծաղկի` խիստ անբարենպաստ պայմաններում դիմակայելու և ծաղկելու ունակությունն ուշագրավ է: Խատուտիկը ճեղքում է ամենակարծր հողային շերտերը, նույնիսկ՝ արհեստական ամուր ասֆալտը, և վեր խոյանալով` բոլորին ցույց տալիս ապրելու և վերելքների հասնելու իր բուռն ցանկությունը:
Սակայն խատուտիկն այսքանով չի դադարում հիացմունք պատճառել կերպարանափոխվելու և իր տեսակը պահպանելու ու շարունակելու տոկունությամբ:
Երբ քամին ցիրուցան է անում նրա թևավոր սերմերը, ամեն սերմի եթերային ընթացքը, կարծես, մատնացույց է անում անցյալը ետևում թողնելու ու դեպի նորը ձգտելու կարևորությունը: Ու ինչն ամենակարևորն է` երբ ընդամենը մեկ խատուտիկ տարածում է իր փոքրիկ սերմերը, հազարավոր այլ խատուտիկներ են ծաղկում` միմյանց փոխանցելով ու շարունակելով իրենց ի վերուստ տրված առաքելությունը:
Նայելով արարչագործությանը` մենք` մարդիկս, կամա թե ակամա սովորում ու դասեր ենք քաղում` սկիզբ դնելու նոր կյանքի, նոր երազանքների, նոր հորիզոնների…
Հենց սա ոգեշնչեց մեզ ընտրել խատուտիկը` որպես կենտրոնի տարբերանշան, քանի որ մեր նպատակն է օգնել երիտասարդներին` գտնելու իրենց առաքելությունն այս կյանքում, փոխանցել նրանց կյանքի հմտություններ, որոնց օգնությամբ երիտասարդները կբացահայտեն իմաստալից և լիարժեք կյանքով ապրելու գաղտնիքը, կհաղթահարեն իրենց ճանապարհին հանդիպող խոչընդոտներն ու դժվարությունները` ճանապարհ, որը տանում է դեպի իրենց երազանքը:
Ինչու՞ «Ապրի՛ր երազանքդ»
Երազանքը մեր իրականության մեջ սովորաբար ընկալվում է որպես անհասանելի մի իղձ, մի նվիրական բաղձանք, որին մտովի ձեռքդ մեկնելով, այդպես էլ չես կարողանում հասնել նրան ու շոշափել այն: Երազանքդ, առկայծելով քո մտքում, այնտեղ էլ հանգչում է` դեռ կյանքի չկոչված: Այդպես երազանքն անվերջ մնում է երազանք` խլելով քեզանից լիուլի կյանքով ապրելու հնարավորությունը:
Բոլորս էլ երազանքներ ունենք: Սակայն որպեսզի այդ երազանքները իրականություն դառնան, ահռելի մեծ հաստատակամություն, նվիրում, կարգապահություն և ջանքեր են պահանջվում:
Կենտրոնի անունը հատուկ ընտրված է` քեզ օգնելու երազանքդ մշտապես պահել ուշադրությանդ դիտակետում:
Կենտրոնի անունն այսօր կոչ է անում քեզ` ապրե՛լ երազանքդ,
Կենտրոնն իր անունով մղում է քեզ` կոտրել այն կաղապարված մտածելակերպը, որ երազանքն իրականանալի չէ, և պատրաստ լինել մտնելու քրտնաջան աշխատանքի, նորանոր հմտություններ ձեռք բերելու, կյանքիդ որակը փոխելու, երազանքիդ դռները բացող բանալիները կռելու դարբնոցը:
Կենտրոնի անունն ազնիվ նպատակ է հետապնդում` ուղղորդել քեզ ապրելու երազանքդ ամեն օր:
Այնպես որ, լոկ մի՛ երազիր կյանքդ, ժամանակն է ԱՊՐԵ՛Լ երազանքդ:
Ինչու՞ կյանքի հմտությունների կենտրոն
Մարդկային առաջընթացը միշտ հնարավոր է եղել մարդկանց միջև համագործակցության միջոցով: Ոչ ոք բոլորովին միայնակ չի կարող լուրջ ձեռքբերումներ ունենալ: Մենք բոլորս ինչ-որ մեկի օգնության և աջակցության կարիքն ունենք ՝ մեր նպատակներին ու ձգտումներին հասնելու համար:
Մարդը կարող է «գնել» կամ շահել այլոց հետ համագործակցությունը: Դու կարող ես «գնել» մարդկանց համագործակցությունը՝ օգտագործելով քո բարձր դիրքը, կապերը, ֆինանսները կամ պարզապես ճնշում գործադրել մարդկանց վրա` դրան հասնելու համար: Այս դեպքում մարդիկ կհամագործակցեն քեզ հետ առանց խանդավառության: Նրանց ձեռքերն ու ոտքերը կօգնեն քեզ, բայց ոչ մտքերն ու սրտերը: Նրանց համագործակցությունը սահմանափակ կլինի:
Մարդկանց համագործակցությունը ձեռք բերելու շատ ավելի արդյունավետ եղանակ է նրանց մտքերն ու սրտերը շահելը: Նման դեպքերում մարդիկ ամբողջ սրտով կաշխատեն քեզ հետ և քեզ համար: Մարդիկ կհամագործակցեն քեզ հետ, որովհետև նրանք սիրում ու հոգ են տանում քո մասին, և նրանք վստահում են քեզ: Ահա թե որտեղ են գործի դրվում Կյանքի հմտությունները:
Կյանքի հմտությունները ենթադրում են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին հմտություններ և կարողություններ:
Ներքին Կյանքի հմտություններն իրենց մեջ պարփակում են արժեքավոր կյանքի առաքելություն ունենալն ու, դրան հասնելու համար, վճռականություն ու քաջություն դրսևորելը: Դրանք նաև ենթադրում են մարդու նվիրվածությունը համամարդկային այնպիսի արժեքներին, ինչպիսիք են՝ սերը, հարգանքը, ծառայելու պատրաստակամությունն ու ազնվությունը: Այսպիսի մարդիկ հասուն են ու մեծ պատասխանատվությամբ են լցված իրենց կյանքի հանդեպ: Նրանք չեն մեղադրում ուրիշներին իրենց ձախողումների համար և մշտապես աշխատում են՝ իրենք իրենց բարելավելու նպատակով:
Մարդկանց համագործակցությունը շահելու համար մարդը պիտի օժտված լինի հուզական բանականությամբ: Սեփական հույզերի մասին բավականաչափ իրազեկված լինելն ու դրանց արդյունավետ կառավարումը չափազանց կարևոր կյանքի հմտություն է: Նման մարդիկ գիտակցում են, թե որտեղից են բխում իրենց հույզերն ու կարողանում են կառավարել դրանք՝ կանխելով հարաբերությունների վատթարացումը: Նրանք շատ լավ գիտակցում են իրենց օգուտը: Նման մարդիկ կառավարում են իրենց հույզերը և թույլ չեն տալիս, որպեսզի հույզերը կառավարեն իրենց:
Բացի այդ, մարդը կարիք ունի հնարավորինս իրազեկված լինել դիմացինի հույզերի մասին և համապատասխան վարք դրսևորել` առավելագույն համագործակցության հասնելու համար: Առողջ հուզականություն ունեցող մարդը խաղաղության մեջ է լինում ինքն իր և ուրիշների հետ: Նա շատ լավ է հասկանում սեփական անձը՝ իր ուժեղ և թույլ կողմերով` ինքն իրեն սիրելով ու հարգելով այնպիսին, ինչպիսին որ կա:
Կյանքի հմտությունները ենթադրում են նաև գործնական կարողություններ, ինչպիսիք են՝ արդյունավետ բանակցություններ, թիմային աշխատանք, ռազմավարական մտածողություն ու պլանավորում: Արդյունավետ մարդիկ գիտեն` ինչպես շփման եզրեր գտնել դժվար մարդկանց հետ: Նրանք շատ լավ «առևտրականներ» են` ունակ վաճառելու ոչ միայն ապրանք, այլ նաև իրենց գաղափարները: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նման կյանքի հմտությունները հաճախ ավելի կարևոր են, քան մասնագիտական կարողություններն ու հմտությունները՝ հարաբերություններ կառուցելու ու հաջող կարիերա ստեղծելու համար: