Մենք ցանկանում ենք օգնել քեզ` աճելու և լիարժեք բավարարվածության հասնելու ընտանիքիդ, ընկերներիդ և ապագա զուգընկերոջդ հետ քո անձնական փոխհարաբերություններում:
Անձնական փոխհարաբերությունները կյանքում կարող են լինել ձեռքբերումների ամենամեծ աղբյուրը: Դրանք կարող են մեզ տալ սիրո, ուրախության և անվտանգության հիանալի փորձառություններ: Սակայն, միևնույն ժամանակ, փոխհարաբերությունները նաև կարող են մեզ ցավ, տառապանք և վրդովմունք պատճառել:
Ինչու՞ որոշ փոխհարաբերություններ մեզ ուրախություն են պարգևում, մինչդեռ մյուսները ցավի պատճառ են հանդիսանում: Արդյոք կա՞ այնպիսի մի բան, որ կարող ենք անել` միայն լավ և լիարժեք փոխհարաբերություններ ունենալու համար:
Ինչպես տիեզերքն է կառավարվում ֆիզիկայի օրենքներով, այնպես էլ անձնական հարաբերություններն են կառավարվում որոշ համամարդկային օրենքներով: Եթե մենք հասկանանք և հետևենք դրանց, մենք էապես կբարելավենք բավականություն պատճառող փոխհարաբերություններ կառուցելու մեր հնարավորությունները:
Անձնական փոխհարաբերությունները կառավարող հիմնական սկզբունքը կարիքների բավարարման սկզբունքն է: Յուրաքանչյուր անհատ ունի կարիքներ: Մենք բոլորս ուզում ենք, որ մեզ սիրեն, գնահատեն և հոգ տանեն մեր մասին: Մենք ունենք նաև անվտանգության և հարմարավետության կարիք:
Բավականություն պատճառող փոխհարաբերություններ ունենալու բանալին մեր մտերիմների կարիքները հասկանալն ու բավարարելն է:
Սա շատ պարզ սկզբունք է:
Երբ մարդիկ զգում են, որ դու նրանց սիրում և հասկանում ես, և երբ նրանք քեզ հետ իրենց ապահով են զգում, նրանք, իհարկե, նմանապես են արձագանքում:
Այստեղ կա մեկ այլ նկատառում: Յուրաքանչյուր մարդ սերն ու անվտանգությունը տարբեր ձևով է զգում: Անհրաժեշտ է, որ դու հասկանաս` ինչպես է անհատն ուզում, որ իրեն սիրեն, գնահատեն և հոգ տանեն: Որոշ մարդիկ ուզում են հաճախակի լսել քո սիրո մասին: Մյուսներն ուզում են ստանալ նվերներ և ծաղիկներ: Ոմանք էլ ուզում են շատ հաճոյախոսություններ լսել (ոմանց համար էլ դրանք կարող են անհետաքրքիր լինել): Մի’ զարմացիր, երբ լսես, որ կարող ես այնպիսի մարդկանց հանդիպել, որոնք անտարբեր են սիմվոլիկ ժեստերի հանդեպ:
Բավականություն պատճառող փոխհարաբերություններ հաստատելու բանալին քո ուշադրությունը քո կարիքներից դեպի այլոց կարիքները տեղափոխելն է: Հենց որ սկսես ուրիշների կարիքները բավարարել, վերջիններս էլ, իրենց հերթին, կբավարարեն քո կարիքները:
Հարութ Ներսեսսյան