Այս ֆիլմը ոգեշնչող պատմություն է մի երաժշտի մասին, ով կյանքի մեծ մասը ստեղծագործելու փոխարեն ստիպված է լինում դասավանդել երաժշտություն: Եթե անգամ չեք հասցրել դիտել 1995թ.-ի այս ֆիլմը, կարող եք ընթերցել առանձնացված ամենանշանակալի դասերը, որոնք կարելի է քաղել այս պատմությունից:
1․ Հավատարիմ մնացեք Ձեր երազանքին
Պրն. Հոլլանդը մեծ երազանք ուներ դառնալ կոմպոզիտոր, սակայն կյանքը նրան լրիվ այլ կողմ ուղղորդեց: Միևնույն է, նա երբեք չէր մոռանում իր երազանքն անգամ դժվար ժամանակներում: Ֆիլմը սովորեցնում է, որ պետք է միշտ գնալ առաջ, պտտվել երազանքի շուրջ կամ նրան ընդառաջ և երբեք չկորցնել հավատը:
2․ Նվիրաբերեք Ձեզ
Պրն. Հոլլանդը սկսեց իր դասավանդման կարիերան մեծ դժվարություններով, նրանից ահռելի ջանքեր պահանջվեցին, մինչ նրա աշակերտները սկսեցին սիրել երաժշտությունը և արդյունքները շոշափելի դարձան: Նվիրաբերեք Ձեզ այն գործին, ինչով զբաղվում եք: Եթե անգամ Ձեզ մոտ լավ է ստացվում, բաց եղեք, պատրաստ սովորելու նորը և էլ ավելի հմտացեք Ձեր «արհեստի» մեջ: Միայն այդ դեպքում Ձեզ ոչինչ չի կանգնեցնի:
3․ Օգնեք ուրիշներին առաջ գնալ
Ինչպես նշել էր պրն. Հոլլանդի աշակերտներից մեկը. «Դուք սիրում եք երաժշտությունը և օգնում եք երեխաներին սիրել այն Ձեզ հետ միասին»: Եթե կա մի բան, որը Ձեզ մոտ շատ լավ է ստացվում, ապա այնպես արեք, որ այդ հիացմունքն ու սերը տարածվի նաև մյուսների վրա: Նրանք Ձեր դրական էնէերգիայի և ազդեցության շնորհիվ կիրացնեն իրենց պոտենցիալ հնարավորությունները Ձեր ներկայությամբ:
4․ Կյանքն ընթանում է, մինչ դուք այլ պլաններ եք կազմում
Այս տողերը, որոնք վերցված են Ջոն Լենոնի երգից, հանդիսանում են ֆիլմի բուն էությունը: Շատերն այնպես են տարվում իրենց կյանքը «վերահսկելով», որ հեշտությամբ մոռանում են, որ կյանքը հոսում է հենց այն նույն ժամանակ, երբ նրանք զբաղված են տարբեր պլաններ կազմելով: Թույլ մի տվեք, որ այն Ձեր կողքով անցնի: Բաց մի թողեք, այն պատահում է հենց Ձեր առջև, նայեք Ձեր շուրջը:
5․ Երազանքները տարբեր փաթեթավորում ունեն
Ձեր երազանքը կարող է իրականանալ այլ կերպ, քան դուք պատկերացնում եք: Բաց պահեք Ձեր աչքերը և բաց մի թողեք այն, ինչ Ձեր աչքի առջև է՝ իրականացող երազանքի տեսքով:
6․ Յուրաքանչյուր ոք իր ներսում ունի իր սիմֆոնիան
Պարտադիր չէ, որ դուք երաժիշտ լինեք, որպեսզի իմանաք, որ Ձեր ներսում կա երգ, որն ուզում է ելք տալ: Այդ երգը Ձեր երազանքն է, Ձեր ցանկությունը, կիրքը՝ լինել, անել կամ ունենալ մի բան Ձեր կյանքում: Դա Ձեր սիմֆոնիան է, և դուք պետք է գրեք այն: Մի ակնկալեք, որ որևէ մեկը դա անի, դուք պետք է անեք, որովհետև Ձեր երգը Ձեզ և միայն Ձեզ է պատկանում:
7․ Իրական հարստությունը հարաբերությունների մեջ է
«… Պրն. Հոլլանդը հարուստ կամ հայտնի չէ, առնվազն մեր փոքրիկ քաղաքից դուրս: Այնպես որ, շատ հեշտ է նրա համար կարծել, թե ինքը ձախողվել է: Բայց նա կսխալվի, քանի որ ես կարծում եմ՝ նա հարստությունից և հայտնությունից առավել մեծ հաջողության է հասել: Նայեք Ձեր շուրջը: Այս սենյակում չկա մի կյանք, որին դուք դիպչած չլինեք և մեզնից յուրաքանչյուրը Ձեր շնորհիվ ավելի լավ անձնավորություն է այսօր: Մենք ենք Ձեր սիմֆոնիան, պրն. Հոլլանդ: Մենք Ձեր օպերայի մեղեդին ու նոտաներն ենք: Մենք Ձեր կյանքի երգն ենք»:
Մենք հաճախ չենք պատկերացնում այն ազդեցությունը, որ ունենք այլ մարդկանց վրա: Նույն կերպ էր նաև պրն. Հոլլանդի դեպքում: Ուշադիր եղեք, դուք ազդում եք որևէ մեկի կյանքի վրա յուրաքանչյուր օր: Ամփոփելով ֆիլմի կարևորագույն խորհուրդների թվարկումը՝ կոչ ենք անում յուրաքանչյուրիդ ականջալուր լինել Ձեր կյանքի երաժշտությանը, որ կա Ձեր ներսում: Գտեք այն ուժը, որը երազանքի տեսքով ապրում է Ձեր ներսում և ձգտում է իրականանալ, կյանք ստանալ:
Ապրեք Ձեր երազանքով և ապրեցրեք այն ամեն հնարավոր կերպ, առանց կուրորեն սևեռվելու որևէ մի ուղղության վրա, չէ՞ որ այն կարող է լրիվ այլ կերպ իրագործվել, ինչպես Դուք չեք ծրագրել կամ երևակայել:
Հեղինակ՝ Սյունե Հարությունյան