Մենք հուզակա՞ն, թե՞ բանական էակներ ենք:
Մարդիկ միակ բանական արարածներն են երկրի վրա: Սակայն, մեր հույզերը շատ ավելի են ազդում մեր գործողությունների և խոսքի վրա, քան բանական միտքը:
Հուզական բանականություն՝ ի՞նչ է սա:
Սեփական հույզերի մասին գիտակցելու, դրանք հասկանալու և կառավարելու ունակությունը Ձեր առջև դրված նպատակներին հասնելիս բնորոշվում է որպես հուզական բանականություն:
Հուզական բանականությունը մեզ հնարավորություն է տալիս՝
- իմանալ և հասկանալ մեր հույզերը,
- կառավարել մեր սեփական հույզերը առավելագույն անձնական շահի համար,
- իմանալ և հասկանալ այլոց հույզերը,
- կարգավորել մեր գործողությունները՝՝ համաձայն այլոց հույզերի, որպեսզի ունենանք առողջ և փոխշահավետ հարաբերություններ:
Որքանո՞վ է կարևոր հուզական բանականությունը:
Շատ տաղանդավոր և խելացի մարդիկ հաջողության չեն հասել կյանքում ցածր հուզական բանականություն ունենալու պատճառով: Նրանք՝
- ի վիճակի չեն հասկանալ և վերահսկել իրենց հանգիստ չտվող կործանիչ հույզերը,
- չեն կարող հասկանալ այլոց զգացմունքները,
- ուրիշներին անհարմարություն և անհանգստություն են պատճառում:
Սակայն շատերը, ովքեր պարտադիր չէ, որ բացառիկ մտավոր կարողություններ ունենան, շատ արդյունավետ հարաբերություններ ունեն, սիրված են մարդկանց կողմից և հաջողակ են իրենց կարիերայում, որովհետև վաստակել են գործընկերների ու ղեկավարների վստահությունը: Այսպիսի մարդիկ օգտագործում են հուզական բանականությունը՝ իրենց երազանքներին հասնելու համար:
Ի՞նչ կարող է անել հուզական բանականությունն ինձ համար:
Հուզական բանականությունը հնարավորություն է տալիս քեզ կապի մեջ լինել հույզերիդ հետ՝
- հասկանալ զգացմունքներդ և պարզել՝ որտեղից են գալիս,
- օբյեկտիվորեն գնահատել զգացմունքներդ,
- կառավարել հույզերդ առավելագույն շահի համար:
Հուզականորեն բանական անձն ընդունակ է.
- իր հույզերն օգտագործել՝ նպատակներին հասնելու համար,
- ազատ լինել այնպիսի կործանիչ զգացմունքների ազդեցությունից, ինչպիսիք են ծայրահեղ զայրույթը, խանդը և ատելությունը,
- օգտագործել իր հույզերը՝ իրեն խթանելու, լավատեսությունը պահելու և կյանքը վայելեյու համար:
Հուզականորեն բանական մարդիկ նաև ընդունակ են հասկանալ այլոց հույզերը և այնպես կարգավորել իրենց գործողությունները, որ ապահովեն դիմացինի համագործակցությունը՝ սեփական նպատակներին հասնելու համար:
Օրինակներ
Հուզականորեն բանական անձը գիտակցում է, որ ինքը նախանձում է գործընկերոջը, ով իրենից ավելի շատ է վաստակում: Նա հասկանում է, որ իր խանդը կարող է վնասել իր աշխատանքային հարաբերություններին և կարիերային: Նա, այսպիսով, լռեցնում է այդ զգացմունքը: Փոխարենը, նա ռազմավարական առումով բարելավում է սեփական աշխատանքային կատարողականությունը և տեխնիկական հմտությունները, որպեսզի օգտակար լինի իր ղեկավարին և ավելի բարձր վարձատրվի:
Հուզականորեն բանական աղջիկը հասկանում է իր սիրած տղամարդու զգացմունքները, արժեքները և մտածելակերպը: Նա այնպես է կարգավորում իր պահվածքը, որ շահի տղամարդու ուշադրությունը և սերը:
Հուզականորեն բանական անձը գիտի ցածր ինքնագնահատականի և անվստահության իր ներքին զգացմունքը, հասկանում է այդ հույզերի սկզբնաղբյուրները, քայլեր է ձեռնարկում՝ ինքնավստահություն ձեռք բերելու համար և թույլ չի տալիս, որ այդ զգացմունքները կառավարեն իր գործողությունները:
Լավ լուր
Լավ լուրն այն է, որ հնարավոր է սովորել, աճել և զարգացնել հուզական բանականությունը:
Հ․ Ն․