Ինչպես մեծ փիլիսոփա Արիստոտելն է ասում. «Նույնիսկ դժբախտությունն է մեզ համար երջանկություն դառնում, եթե այն կերտում է մեր բնավորությունը և կոփում է մեր հավատը՝ հետամուտ լինելու այն ամենին, ինչը բարի է և ազնիվ»։
Այս հոդվածում մենք քեզ հետ կկիսենք երջանիկ կյանքով ապրելու մի քանի գործնական և պարզ խորհուրդներ, որոնք աշխարհի առաջատար գիտահետազոտական կենտրոնների, մարդկանց գիտելիքների ու բազմամյա փորձի արդյունքն են:
Ընտրիր երջանիկ մտքեր և մտածիր դրանց շուրջ
Եթե ուզում ես երջանկություն գտնել և երկարացնել կյանքդ, երջանիկ մտքերի շուրջ մտածիր: Պրոֆեսոր Բարբարա Ֆրեդրիքսոնը պնդում է, որ երբ դու փոխում ես մտածելակերպդ, փոխվում է նաև օրգանիզմիդ քիմիական: Հաջորդ անգամ, երբ երկար հերթում կանգնած կլինես, և ինչ-որ մեկը առջևդ կկտրի կամ կոպիտ պատասխան կտա, դիմակայիր բարկությամբ պատասխանելու բուռն ցանկությանը, որը կարող է սեղմել արյանդ անոթները և բարձրացնել ճնշումդ: Փոխարենը, վերադարձրու կոպտությունը բարությամբ և հարգանքով: Պահիր այդ դրական լիցքը քո մտադրությունների և գործողությունների մեջ ամբողջ օրվա ընթացքում:
Ավելի հաճախ ժպտա
Ինքդ քեզ ժպտալ սովորեցրու: Փորձի՛ր, դա այնքան էլ դժվար չէ: Հիմա պահիր այն՝ հաշվելով մինչը տասը, ապա խորացրու ժպիտդ: Նկատիր, թե ինչպես է տրամադրությունդ սկսում փոխվել: Անկախ քեզնից՝ դու սկսում ես ավելի թեթև զգալ: Օգտագործի՛ր ժպիտդ՝ երջանկության վարակը տարածելու համար: Մարդիկ սովորաբար ենթագիտակցաբար արձագանքում են իրենց հանդիպած դեմքի արտահայտություններին: Եթե դու որևէ մեկին խիստ հայացքով նայես, ի պատասխան դրա՝ կտեսնես խոժոռ դեմք, մինչդեռ ժպիտը ժպիտ է ծնում:
Ազատվիր թերություններիցդ մեկ առ մեկ
Բոլորս էլ թերություններ ունենք, սակայն դա չի նշանակում, որ պետք է լճանանք դրանց մեջ: Ընտրիր դրանցից մեկը, որն ուզում ես վերացնել: Ժամանակ հատկացրու՝ ամենայն անկեղծությամբ մի փոքր ինքնաքննություն անելու համար: Հաճա՞խ ես բամբասում: Դյուրաբորբոք ես կամ բռնկվո՞ղ, հակվա՞ծ ես հետաձգելու խնդիրներիդ լուծումը: Կամ արդյո՞ք սեփական կյանքիդ խնդիրների համար դեռ մեղադրում ես ուրիշներին: Որոշիր քո մեջ շտկել այն, ինչը քեզ դուր չի գալիս: Քո և մյուսների մեջ նկատիր դրականը:
Ոխ մի՛ պահիր
Բարկությունը, վիրավորանքը, թշնամանքով լցվելը նախ քեզ է վնասում, ինչպես հոգեբանորեն, այնպես էլ հուզականորեն և ֆիզիկապես: Եթե նույնիսկ տհաճ միջադեպը ընդամենը երեկ է պատահել, այն մարդը, ով հանդիսանում է քո բարկության պատճառը, կարող է նույնիսկ մոռացած լինել այդ մասին: Ուրեմն ո՞րն է դրա օգուտը:
Այդքան հեշտ մի հանձնիր ներքին ուրախությունդ և խաղաղությունդ՝ փոխարենը վերցնելով զայրույթն ու վիրավորվածությունը: Դրանցից արագ հրաժարվելու սովորույթ զարգացրու, քանի դեռ դրանք չեն քայքայել քեզ ներսից ու դրսից: Այսօր գիտակցված որոշում կայացրու սեփական անձդ զայրույթից և վիրավորանքից թուլացնելու փոխարեն նպաստել քո և մյուսների կյանքի դրական փոփոխություններին:
Երբ գալիս է փոթորիկը, հույսդ գործի՛ դիր
Եթե կյանքումդ դժվար ժամանակներ են եկել, քո մեջ մշտապես հույս ունեցիր, որ հանգամանքները կփոխվեն և իրավիճակը կշտկվի ու կբարելավվի:
Քո մեջ քաջություն գտիր ուժերիդ ներածին չափով աշխատելու այն ամենի վրա և փոխելու այն, ինչը հենց հիմա բարելավման կարիք ունի: Եվ այս բոլորն արա՝ չմոռանալով գործի դնել հույսը, որը պասիվ և անորոշ վիճակ չէ, ինչպես շատ հոռետեսներ են սխալմամբ կարծում: Հույսը անխռով գիտակցում է, որ բոլոր դժվարությունները ժամանակավոր են և ակտիվ սպասում է, որ շուտով լույսը պիտի ծագի: Այսպիսով, փոխարենը թույլ տաս, որ սթրեսն ու անհանգստությունը համակեն քեզ, լցվիր հույսով:
Երջանկության այս փոքր բանաձևերը թեև պարզ են, սակայն ժամանակ և նվիրում են պահանջում՝ կենսակերպ դառնալու համար:
Քրիստինա Սիմոնյան