Արդյունավետություն

Մտածելակերպ

Հասկանալով, թե ինչ է արդյունավետությունը, սովորելով, թե ինչպես կարելի է  մեծացնել այն, մենք կարող ենք զարգացնել մեր կյանքն ու կարիերան:

Իսկ ի՞նչ է արդյունավետությունը:

Արդյունավետությունը կյանքի փիլիսոփայություն է, մտքի կարգավիճակ: Արդյունավետ լինել, նշանակում է անել այն, ինչ մենք ենք ընտրել անել, ոչ թե այն՝ ինչ ստիպված ենք: Այսինքն, արդյունավետություն նշանակում է որդեգրել մի մտածելակերպ, որը կտանի շարունակական զարգացման և առաջխաղացման:

Արժեք և ժամանակ

Հաճախ է պատահում, որ արդյունավետությունը սահմանվում է «արժեք» և «ժամանակ» հասկացությունների միջոցով:

Արժեքը ենթադրում է տվյալ գործի կարևորությունը՝ ըստ քո կյանքի նպատակների և ռազմավարության։

Ժամանակը նույնպես որոշիչ գործոն է արդյունավետության օպտիմալացման հարցում՝ ժամանակի ճիշտ ընկալումը և դրանում ներդրումներ կատարելը ի վերջո կբարձրացնեն մեր արդյունավետությունը թե՛ անձնային և թե՛ մասնագիտական ոլորտներում:

Քանակ՝ ընդդեմ որակի

Պետք չէ՛, որ մենք մտածենք, թե արդյունավետությունը «ավելի քիչ ժամանակում ավելի շատ գործեր անելն է»: Աշխատանքը վաղ ժամկետում կատարելը, ծրագրերը հնարավորինս արագ իրականացնելը և նման այլ հարցերը արդյունավետության վերաբերյալ սխալ պատկերացումների մի մասն են, որոնք հաճախ մարդկանց պատճառում են անհարմարության, սթրեսի և ճնշվածության զգացողություն:

Օրինա՛կ. եկե՛ք քննենք բլոգերի աշխատանքը.

Ո՞վ է ավելի արդյունավետ. նա, ով իր բլոգի դիտումները ավելացնում է սակավ, սակայն ընթերցողի կյանքում ազդեցիկ նյութերի հրապարակմամբ, թե՞ նա, ով հրապարակում է հնարավորինս շատ հոդվածներ և նյութեր:

Երկրորդ բլոգերը, առաջնորդվելով «ավելի քիչ ժամանակում ավելի շատ գործել» նշանաբանով, միայն կհրապարակի բառերի և արտահայտությունների մեծ քանակ, որոնք, իրականում շատ քիչ ընթերցողներ կկարդան: Մինչդեռ, առաջին բլոգերը, որը կենտրոնացրել է իր ուշադրությունը ոչ թե քանակի, այլ որակի վրա, իրականում շատ ավելի արդյունավետ կաշխատի, քանի որ նա նախապես վերլուծել է իր աշխատանքի ազդեցությունը, փնտրել և գտել է ռեսուրսների օպտիմալացման լավագույն ճանապարհը, հետևաբար ցանկացած նյութ կամ հոդված գրել է հստակ նպատակով՝ ընթերցողին կարևոր տեղեկություն հաղորդելու համար: Նույնիսկ, եթե նա գրել է ավելի հակիրճ բովանդակությամբ կամ քիչ քանակով հոդվածներ, միևնույնն է` դրանք ավելի մեծ քանակի ընթերցումներ կունենան, այսինքն՝ առաջին բլոգերն ավելի ճիշտ է օպտիմալացնում իր ռեսուրսները, քան՝ երկրորդը:

Արտադրողականություն և առաջնորդություն

Ցանկացած հարցում, արտադրողականության հիմնական պատասխանատվությունը դրված է լինում առաջնորդի ուսերին, ով պետք է հետևի աշխատանքի կատարման արդյունավետ մեթոդներին, որոնց արդյունքում էլ կստացվի ժամանակի արդյունավետ կառավարում, աշխատանքի բարձր որակ և դրված նպատակների լիարժեք իրականացում:

Օրինակ, եթե աշխատակազմը պարզ ուղղորդում է ստանում, թե որոնք են իր նպատակները և հստակ ուղեցույց է ստանում ժամանակը ճիշտ կազմակերպելու համար, ապա կարող ենք ասել, որ աշխատանքն ավելի արդյունավետ իրականացնելը ավելի քան հնարավոր է դառնում: Արդյունքում, աշխատակիցները նաև կգտնեն հավասարակշռություն պրոֆեսիոնալ և անձնական արդյունավետությնների մեջ, քանի որ նրանք ընդունակ կլինեն նկատելու բոլոր այն տարրերը, որոնք կարող են մղել դեպի անարդյունավետություն:

Այս առումով կազմակերպությունների ղեկավարները ամեն ինչ անում են, որպեսզի իրենց թիմերը իմանան, թե որոնք են իրենց նպատակները, իրենց ամենօրյա «առաջնային խնդիրները», քանի որ, գիտակցելով և կարողանալով առաջնայինը տարբերել երկրորդայինից, կարող են լինել ավելի արդյունավետ կյանքի ցանկացած ոլորտում:

Կարճաժամկետ և երկարաժամկետ արդյունավետություն

Սահմանելով առաջնային խնդիրները եւ նպատակները, ուսումնասիրելով՝ արտադրողականությանն ու արդյունավետությանը խոչընդոտող գործոնները մենք կկարողանանք հասնել երկարաժամկետ արդյունավետություն:

Մեր օրերում բոլոր ընկերությունները փորձում են ստեղծել արդյունավետության այն լավագույն մոդելը, որը հնարավորություն կտա կարճաժամկետ և երկարաժամկետ մրցակցությունների մեջ հասնել լավագույն արդյունքին, ինչպես նաև կհամապատասխանի «որակ, արդյունք և զարգացում» սկզբունքին, քանի որ, եթե կազմակերպությունը ուշադիր չէ իր արդյունավետությանը, ապա վերջնարդյունքում այն դուրս կմնա մրցակցությունից, հետևաբար նաև՝ շուկայից:

Արդյունավետության նշանակությունը միշտ աչքի առջև ունենալը և զարգանալու կարիք ունեցող ոլորտները գտնելը մեզ կօգնեն կենտրոնանալ ամենակարևոր նպատակների վրա, և երկարաժամկետում մեզ հաջողության կհասցնեն:

Արտադրողականությունը և արդյունավետությունը թույլ է տալիս գնահատել առաջընթացը և նկատել բոլոր թերությունները:

Արդյունավետությունը և նոր տեխնոլոգիաները

Տարիներ ի վեր, նոր տեխնոլոգիաները շարունակաբար մեծացող և ազդեցիկ դեր են ունեցել արդյունավետության և վերջնական արդյունքի վրա՝ հնարավորություն ընձեռնելով մարդկանց լինել հասանելի ամեն տեղ և ամեն ժամանակ, հետևաբար՝ բարձրացնելով իրենց աշխատանքի արդյունավետության մակարդակը: Հետևաբար, նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ այժմ ավելի ու ավելի արդյունավետ լինելու միտում կա:

Օրինակ, բջջային հեռախոսների օգտագործումը, գրառումներ կատարելը և այլ հնարավորությունները մեզ օգնում են մեր ռեսուրսներն ավելի արդյունավետ օգտագործել, քան երբևէ:

Սակայն, այս հնարավորությունները իրենցից ներկայացնում են նպատակներից և վերջնակետից շեղվելու  մեծ վտանգ: Հետևաբար, ճիշտ ուղղորդությամբ մենք կկարողանանք խուսափել այդպիսի շեղումներից, որոնք հեռացնում են մեզ մեր նպատակների կատարումից:

Բնականաբար, միայն այս կետերով չի՛ սահմանափակվում արդյունավետությունը զարգացնելը, բայց դրանք լավ հիմք են՝ մեր կյանքում արդյունավետության սովորույթը զարգացնելու երկարատև և աշխատատար գործում:

Comments

comments