Սոցիալական հմտություններ

Բոլոր ժամանակաշրջաններում մարդիկ եղել են սոցիալական էակներ, ովքեր մշտապես փորձել են կապեր հաստատել հարյուրավոր այլ մարդկանց հետ, պահպանել այդ կապերը, ստեղծել որոշակի խմբեր, հետևաբար նաև, որոշ առումով փոխկապակցված լինել այդ խմբերի անդամների հետ:

Ժամանակակից գիտությունը և կյանքը հնարավորություն է տալիս անհատին միաժամանակ լինել բազմաթիվ խմբերի անդամ՝ ինչպես սոցիալական ցանցերում, այնպես էլ իրական կյանքում: Իսկ բոլոր այս միջավայրերում սոցիալական հմտությունները չափազանց կարևոր են, կարելի է ասել՝ հաջողության հասնելու բանալին են:

Սոցիալական հմտությունն ունակություն  է, որը նպաստում է մարդկանց հետ հաղորդակցմանը, և որի հիմքում ընկած են որոշակի սոցիալական կանոններ եւ հարաբերություններ: Այս հմտությունները յուրացնելու գործընթացը կոչվում է սոցիալականացում: Սոցիալականացման համար միջանձնային հմտությունները կարեւոր են միմյանց հետ կապ հաստատելու համար, որոնք մարդն օգտագործում է այլ մարդկանց հետ շփվելու ժամանակ, օրինակ ՝ իշխելը կամ ենթարկվելը, սերը կամ ատելությունը, ագրեսիան կամ անձնական հույզերի վերահսկողությունը և այլն:

Սոցիալական հմտությունները զարգացնելու լավագույն ճանապարհը մարդկանց հետ շփվելն ու համագործակցելն է՝ միասին որևէ խնդրի լուծման վրա աշխատելն ու իրենց կարողությունները գործի դնելը, ինչպես նաև ընդհանուր նպատակներ և հետաքրքրություններ ունենալը: Այդ դեպքում մարդկանց մոտ զարգանում են այնպիսի սոցիալական հմտություններ, ինչպիսիք են.

  • համագործակցելու կարողությունը
  • սիներգիան
  • որոշումների կայացման հմտությունը
  • շփման կարողությունը
  • հուզական բանականությունը
  • կառուցողական քննադատության հմտությունը
  • վստահությունը
  • խոստումները պահելու ունակությունը
  • համոզելու հմտությունը,
  • ակտիվ լսելու հմտությունը
  • հոգատարություն ցուցաբերելու հմտությունը և այլն

Գոյություն ունի նաև սոցիալական հոգեբանություն հասկացողությունը, որը զբաղվում է սոցիալական հմտությունների ուսումնասիրությամբ եւ փորձում պարզել, թե ինչպե՞ս կարող է անհատը սովորել այդ հմտությունները, որոնք, իհարկե, ուղեկցվում են վերաբերմունքի, մտածողության եւ վարքի փոփոխություններով:

Բավականաչափ լավ զարգացած սոցիալական հմտություններ ունեցող մարդիկ առանձնանում են իրենց յուրահատուկ առավելություններով, վարվելակերպով և կյանքում արդյունավետության բարձր մակարդակով:

Այսպիսով, որպես սոցիալական էակներ՝ մենք կարիք ունենք զարգացնելու համապատասխան սոցիալական  հմտություններ՝ մեզ և մեր շրջապատը առավել ներդաշնակ դարձնելու համար:

Comments

comments