Հուզական բանականություն

Ինչու՞ այն կարող է մտավոր կարողություններից ավելի կարևոր լինել:

Գրքի վերնագիր. Հուզական բանականություն. Ինչու այն կարող է մտավոր կարողություններից ավելի կարևոր լինել (Emotional Intelligence: Why It Can Matter More Than IQ):
Հեղինակ. Դանիել Գոլման (Daniel Goleman)

Գրքի Ճանաչումը
Գոլմանի   «Հուզական բանականություն» գիրքը մեծ հաջողության է հասել և մոտ երկու տարի Նյու Յորք Թայմսի ամենալավ վաճառվող գրքերի ցուցակի մեջ է եղել:
Այս գիրքը թարգմանվել է քսանհինգ լեզուներով և հասանելի է ավելի քան հարյուր հիսուն երկրներում:

Գրքի կարևորությունը
Հուզական բանականությունը անփոխարինելի է` լավ անձնային և աշխատանքային հարաբերություններ հաստատելու համար: Այս գիրքն օգնում է մեզ հասկանալու` ինչ է հուզական բանականությունը, ինչու է այն չափազանց կարևոր, և ինչպես մենք կարող ենք զարգացնել այն:

Անդրադարձ
Գոլմանի «Հուզական բանականություն գիրքը» տրամադրում է գիտական փաստեր մարդու հույզերի  մասին, և նաև շեշտադրում է հույզերի ազդեցությունը մարդու որոշում կայացնելու գործընթացի վրա: Գիտական տերմինների բազմազանությունը մի քիչ դժվարացնում է ընթերցման  գործընթացը, բայց գիրքը շատ ուսուցողական է և հարստացնող:  Հեղինակի հիմնական պնդումներից մեկն այն է, որ մտավոր կարողությունները (IQ) հաջողության հիմնական գրավականը չեն, ասել է թե` կան ավելի կարևոր բաներ, քան IQ-ն:
Հոգեբան, ինչպես նաև Նյու Յորք Թայմսի համար գիտական հոդվածներ գրող Գոլմանն իր գրքում ներկայացնում է, թե ինչպես են բանականության և հույզերի միջոցով մարդու մտավոր կարողությունները զարգանում:  Իր թեզը համոզիչ դարձնելու համար նյարդաբանությունից և ուղեղի հոգեբանությունից հեղինակը օգտագործում է գիտական հետաքրքիր փաստեր:
Օգտագործելով հզոր գիտական ուսումնասիրություններ հուզական բանականության կարևորության մասին` Գոլմանը մանրամասնությամբ բացատրում է, թե ինչու IQ-ն հաջողության հիմնական գրավականը չէ:  Գոլմանը ապացուցում է, որ մարդու ուղեղը/գիտակցությունը հեշտությամբ կարող է անձնատուր լինել բուռն էմոցիաների:

Իր գրքում հեղինակը ամփոփում է վերջին մի քանի տասնամյակների լավագույն հոգեբանական աշխատանքները` հետևյալ թեմաներով`  «Լավատեության կարևորությունը», «Բազմակի ինտելեկտի տեսությունը», «Բնածին բնավորության գծերի (խառնվածքի) տարբերության կարևորությունը», և «Հուզական բանականության կարևորությունը ամուսնության, կառավարման և բժշկության մեջ»:
Գոլմանը նաև առաջարկում է, որ հիմնականում տեղի ունեցող անտրամաբանական բռնությունների պատճառ է հանդիսանում հուզական անհավասարակշռությունը:  Իր գրքում հեղինակը կոչ է անում էմոցիաների մասին դասընթացներ ներմուծելու կրթական ծրագրեր, որոնք կսովորեցնեն երիտասարդներին` կարգավորելու իրենց հուզական խնդիրները և խաղաղ ճանապարհով լուծելու իրենց կոնֆլիկտները:
Մեր նպատակներին հասնելու համար մենք պետք է հուզականորեն կրթված լինենք:  Հաջող եւ հավասարակշռված կյանք ապրելու համար հուզական բանականությունն ամենակարևոր գործոնն է:

Ուստի, եթե ցանկանում եք իմանալ, թե ինչպե՞ս և ինչու՞ կրթել Ձեր հույզերը, անպայման կարդացեք այս գիրքը: Գիրքը կարող եք ընթերցել “Ապրիր երազանքդ” կյանքի հմտությունների Ջինիշյան կենտրոնի գրադարանում: Կարևոր է նշել, որ գրքում կան նաև թեստեր` վերը նշված թեմաներով:

«Ապրիր երազանքդ» կյանքի հմտությունների Ջինիշյան կենտրոնի «Իմ լավագույն բարեկամն ու վատագույն թշնամին. ով եմ ես» սեմինարը մեծ տեղ է տրամադրում հուզական բանականություն թեմային, կարող եք հերթագրվել 8 հանդիպումից բաղկացած սեմինարներին: