Թերահավատություն սեփական ուժերի նկատմամբ աշխատավայրում (մաս 1)

Սեփական ուժերի հանդեպ թերահավատությունը հոգեբանական խնդիր է, որի դեմ շատ մարդիկ են պայքարում: Սա վերաբերում է ինչ-որ բան հաղթահարելու կարողության հանդեպ թերահավատության զգացումին: Այս անապահովության զգացումը կարող է հանգեցնել կասկածամտության ու անվճռականության: Եթե այդ զգացումը որևէ կերպ չհաղթահարվի, ապա կարող է մեզ մեր ընտրած ճանապարհից հետ կանգնեցնել կամ արմատապես հարվածի տակ դնել մեր սպասումները:

The Free Online Dictionary” բառարանը սեփական ուժերի հանդեպ թերահավատությունը սահմանում է` որպես սեփական անձի հանդեպ հավատքի և վստահության պակաս, ինչպես նաև ցանկացած անծանոթ իրավիճակին մարդկային բնական հակազդեցություն:

Չնայած սեփական ուժերի հանդեպ թերահավատությունը փոխկապակցված է ցածր ինքնագնահատականի հետ, այնուամենայնիվ տարբերվում է դրանից:

Սեփական ուժերի հանդեպ թերահավատությունը կարող է վնաս հասցնել թե անձնական կյանքին, և թե կարիերային: Այս հոդվածում մենք անդրադառնում ենք աշխատանքային գործունեության ոլորտում սեփական ուժերի հանդեպ թերահավատության հետևանքներին:

Սեփական ուժերի հանդեպ թերահավատությունը կարող է մեծապես վնաս հասցնել կարիերային և աշխատանքի արդյունավետությանը: Այն աշխատողները, ովքեր կասկածի տակ են առնում իրենց կարողություններն ու հմտությունները, տատանվում են գործել նույնիսկ, երբ տվյալ գործողությունն ուղղակի անհրաժեշտ է. նրանք ձգձգում են հանձնարարականների կատարման ժամկետները, չեն կարողանում վստահ պատասխաններ տալ, չունեն իրենց սեփական կարծիքը: Այսպիսի մարդիկ վախենում են նոր բաներ փորձելուց: Նրանք ամաչկոտ են մարդկանց հետ շփվելիս և նախաձեռնող չեն (տատանվում են նախաձեռնություններ անելուց): Նրանք չեն ցանկանում դուրս գալ իրենց արդեն իսկ ծանոթ միջավայրի սահմաններից, որտեղ իրենց հարմարավետ են զգում:

Այսպիսի մարդիկ վստահություն չեն ներշնչում իրենց գործատուի և աշխատակիցների կողմից և չեն կարող պատասխանատու գործերում վստահված լինել: Ոչ մի գործատու չի ցանկանում, որ այսպիսի մարդիկ լինեն իր թիմում, որովհետև գործատուները այնպիսի մարդկանց կարիք ունեն, ովքեր կատարում են առաջադրանքները, հասնում նպատակներին ու վստահություն ներշնչում:

Եթե սեփական ուժերի հանդեպ թերահավատությունը չհաղթահարվի, այն կարող է հանգեցնել աշխատանքի թերի կատարման և, ի վերջո, գործազրկության պատճառ դառնալ:

Սեփական ուժերի հանդեպ թերահավատության պատճառ կարող են լինել`

  • Սխալվելու վախը
  • Մարդկանց սպասումները: Մարդիկ, մանավանդ ծնողները, կարող են սպասել ավելին, քան մեր կարողություններն են մեզ թույլ տալիս:
  • Ինքնաընկալում` անիրատեսական ցածր կարծիք սեփական կարողությունների մասին:

Սեփական կարողություների հանդեպ թերահավատության արմատները գալիս են մեր մանկությունից: Նարցիսական բնավորությամբ ծնողների կողմից դաստիարակված երեխաները իրենք իրենց մասին բացասական մտքեր են ընկալում: Մանկության հասունացման ու զարգացման յուրաքանչյուր փուլով անցնելիս ծնողների կողմից քո իրականության վերաբերյալ բացասական գնահատանքի արժանանալով` սկսում ես դեռ վաղ հասակում հարցականի տակ դնել սեփական անձդ և կարողություններդ: Երբ ծնողները պարտադրում են երեխաներին իրենց կամքն ու կարծիքը` հաշվի չառնելով երեխայի կամքը, փոխանակ ոգևորելու ու ավելացնելու նրա ինքնագնահատականը, այն ժամանակ հետաքրքիր բաներ են պատահում: Այսպես օրինակ`երեխան մեծանում է սեփական ուժերի հանդեպ շարունակական թերահավատության զգացումով:

Եթե Ձեր ծնողները շարունակաբար ասել են, որ Ձեր մտքերը և զգացմունքները սխալ են, որ Դուք չափազանց զգայուն եք, որ չպետք է ծնողի ասածը հարցականի տակ դնել, որ այնքան էլ լավը չեք, ինչքան էլ որ փորձում եք, ապա բնականաբար բոլոր այդ ստերը լսելով ու համոզվելով, Ձեզ մոտ կառաջանա սեփական ուժերի հանդեպ անվստահություն: Այս մտքերը խորը կարմատավորվեն ենթագիտակցության մեջ` ազդելով կյանքի յուրաքանչյուր փուլում:

Մինչ ամեն մեկը կարող է տառապել սեփական ուժերի նկատմամբ պարբերաբար ընդհատվող թերահավատությունից, նարցիսական բնավորությամբ ծնողների կողմից մեծացված երեխաները նախածրագրավորված ինքնաքննադատում են իրենց` կասկածի տակ առնելով իրենց կարողությունները: Այսպիսի ծնողները չեն աջակցում երեխայի ջանքերին: Նրանք չափազանց տարված են իրենց սեփական վեհությամբ, որպեսզի կարողանան ուրիշների հաջողությունը գովել:

Նարցիսական ծնողները սեփական ուժերի հանդեպ թերահավատության միակ պատճառը չեն: Կյանքի տարբեր փորձառություններ կարող են հանգեցնել, որ մենք կասկածի տակ առնենք մեր հնարավորությունները:

Սա վատ լուր էր: Սակայն կա նաև լավ լուր: Սեփական ուժերի հանդեպ թերահավատությունը կարող է հաղթահարվել, եթե անձը գիտակցում է իր խնդիրն ու պատրաստակամ է աշխատել դրա վրա:

Շատ հուզական թերություններ, այդ թվում նաև սեփական ուժերի նկատմամբ թերահավատությունը, կարող է հաղթահարվել ռացիոնալ մտածողությամբ: Մեր մտածողությունը կարող է զննել մեր հուզական խնդիրները, գնահատել դրանք, պայքարել և քայլեր ձեռնարկել` դրանք հաղթահարելու համար:

Հոդվածի 2-րդ մասին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հ.Ն.

Comments

comments