Տղամարդ-կին փոխհարաբերություններ՝ ինչպե՞ս հասնել ներդաշնակության

«Միմյանց սիրողները չեն հանդիպում, նրանք ի սկզբանե միմյանց մեջ են»:
Ռումի

Յուրաքանչյուր մարդու համար, լինի նա տղամարդ, թե կին, ողջ կյանքի ընթացքում չափազանց կարևոր է անձնական երջանկությունը` ունենալ զուգընկեր, ում հետ կկիսվեն կյանքի ուրախությունները և տխրությունները, կբավարարվեն հիմնական կենսական պահանջմունքները: Սննդի, քնի, գլխի վրա ծածկ ունենալու պահանջմունքներից զատ մարդ կարիք ունի սիրելու և սիրված լինելու, ընտանիք, սերունդ ունենալու:

Ընտանիքը տալիս է մեզ հնարավորություն իրականացնել որոշակի գործառույթներ, ինչպիսիք են՝ վերարտադրողականությունը, երեխաների դաստիարակությունը, հոգևոր շփումը, կայուն սեռական կյանքի ապահովումը, տնտեսական խնդիրների համատեղ լուծումը: Ընտանիքը փոքր պետություն է՝ իր օրենքներով, իրավունքներով և պարտականություններով, ֆինանսներով, նյութական բարեկեցությամբ, ծաղկման և անկման շրջաններով, պատերազմներով և զինադադարներով: Լավ, ամուր ընտանեկան հարաբերությունների հիմք են հանդիսանում փոխադարձ հաղորդակցման զարգացաց գործընթացը, փոխադարձ կարեկցանք ցուցաբերելու ձգտումը, ինտիմ հարաբերությունների լիակատար ներդաշնակությունը:

Ամենաամուր ամուսնությունը առաջանում է այն ժամանակ, երբ համընկնում են ամուսինների ցանկությունների շրջանակները, բայց այնուամենայնիվ գերակա եմ հոգևոր արժեքները: Զուգընկեր ընտրելիս հարկավոր է հաշվի առնել արդյոք նա ընդունակ է սիրուն պատասխանել սեփական հոգևոր աճով: Ցանկացած տղամարդ փնտրում է կին, ով լիովին կհավատա և կվստահի իրեն, պատրաստ կլինի միշտ լինել իր կողքին, նույնիսկ եթե ողջ աշխարհը իրեն դեմ է, եթե նա պարտություն է կրել: Կանայք ավելի կգերադասեն արժանի տղամարդու երկրորդ կամ երրորդ կինը լինել, ինչը բնորոշ է մուսուլմանական ընտանիքին, քան կյանքը կապել անարժան մեկի հետ: Նորմալ, առողջ ընտանիք կարող է ստեղծվել միայն երկու ուժեղ և անկախ մարդկանց ջանքերով: «Հաջող ամուսնությունը ավելին է, քան հարմար մարդ գտնելու ունակությունը: Դա նաև այդպիսի մարդ լինելու ընդունակությունն է» /Լ. Վուդ/

Սակայն շատ հաճախ սիրահարված մարդը բացարձակ ականջ չի դնում բանականության ձայնին, նա ընդունակ չէ գնահատել իր արարքների հետևանքները: Սիրահարված տղամարդը սիրահարված է ոչ թե կնոջը, այլ տվյալ կնոջ հետ կապված հաճույքին: Իսկ սիրահարված կինը սիրում է ոչ թե տղամարդուն, այլ իր զգացողությունները, այն թե ինչ և ինչպես է նա իրեն զգում այդ տղամարդու հետ իր հարաբերություններում: Այդպիսի սերը տառապանք է առաջացնում, իսկ նրա վրա հիմնված ամուսնությունը քայքայվում է, եթե այն չի վերաճում իսկական զգացմունքի:

Տղամարդու կրքի վրա շաղախված անձնական հարաբերությունները նման են բենգալյան կրակի, որը վառ այրվում է, սակայն չի ջերմացնում և արագ մարում: Ընդհանրապես տղամարդիկ բնորոշվում են ռոմանտիզմի ավելի մեծ չափով, քան կանայք, ավելի հեշտ և արագ են սիրահարվում և առավել մեծ չափով են կիսում սիրո ռոմանտիկ պատկերացումները: Նրանք կանանցից հաճախ են «ցանկանում» սիրահարվել և այդ ցանկությունը հիմք է ծառայում սիրահարվածություն առաջացնելու գործում: Կանանց սիրահարվածությունը ավելի արագ է անցնում, քան տղամարդկանց մոտ, նրանք ավելի հաճախ են խզման նախաձեռնողի դերում հանդես գալիս ¨ այն ավելի հեշտ են տանում, քան տղամարդիկ: Սակայն կայացած սիրային հարաբերություններում կանայք հակված են ինքնաբացահայտման և իրենց զուգընկերներին ավելի բարձր են գնահատում, քան վերջիններն իրենց:

Իսկական սերը ջերմություն է և հոգատարություն, այն, ինչ անձամբ ես անում, ինչ կախված է միայն քեզանից, քո հոգևոր հատկություններից և ընտրությունից: Սերը միշտ հիացում է: Տղամարդն ընդունակ է հիանալ կնոջ սիրով, ընդ որում, այդ հիացմունքն ամենակախարդիչն է և ցանկալին այդ տղամարդու համար: Անշահախնդրության չափանիշը նրանց համար հիմնարար է: Սիրո մեջ երկուսի զգացմունքները միաձուլվում են փոխադարձ վստահության, երախտագիտության մեկ հոսանքի մեջ: Դա սեփական ողջ կենսական հետաքրքրության տեղափոխումն է այլ մարդու մեջ: Սիրո կատարելիությունը վեր է հանում շրջապատի անկատարելիությունը, այն փոփոխելու ձգտում առաջացնում:

Մեծ սերը վերափոխում է մարդուն՝ դարձնելով նրան ավելի մաքուր, լավ, իմաստուն, ուժեղ: Իսկապես սիրող մարդն ապրում է հոգևոր հարուստ, խանդավառ կյանքով: Նա պատրաստ է անհաջողություններ, զրկանքներ կրել, պատրաստ է ինքնազոհողության՝ ի երջանկություն սիրելի էակի: Ոչ բոլոր մարդիկ են ընդունակ սիրել, դրան արժանանում են քչերը, «հատուկ մարդիկ»:

Սիրո գործոններ են՝

  • հարգանք
  • դրական զգացմունքներ զուգընկերոջ հանդեպ
  • էրոտիկ զգացումներ
  • զուգընկերոջ կողմից դրական վերաբերմունքի պահանջմունք
  • ինտիմության և մտերմության զգացում:

Զգացմունքները հանդիսանում են մեր կյանքի ամենավառ մասը: Դրանք մտքերի գունավորումն են /Վ. Սուխարև/: Հույզ /էմոցիա/ բառը առաջացել է լատիներեն emovere բառից, որը նշանակում է «գրգռել», «հուզել», ինչպես նաև «շարժվել»: Հենց այդ էլ անում են հույզերը: Նրանք մղում են մեզ այն ուղղությամբ, որով անհրաժեշտ է գնալ: Նրանք ուղղում են դեպի առողջություն և լիարժեք կյանք, դեպի սերը և ուրախությունը, կամ էլ դուրս հրում սխալ ճանապարհից, որն է վախը և բարկությունը: Տարբեր հույզեր ապրելը, դրանք գիտակցելն ու արտահայտելն օգտակար է առողջությունը: Դա մեզ թույլ է տալիս հարթ և ուղիղ ընթանալ կյանքում: Հույզերը և զգացմունքները սերտ փոխկապակցված են: Զգացմունքները ձևավորվում են և զարգանում են հույզերի հիման վրա:

Եթե մարդն ընդհանրապես չունի սիրային փորձ, կամ էլ ունի չափից ավելի, ապա սա վկայում է հուզական անհասունության մասին: Անկեղծ սիրուն ընդունակ են հուզականորեն զարգացած, հասուն մարդիկ: Սերը դեպի մարդիկ սկսվում է ինքն իրեն սիրելուց: Այդպիսի մարդը նաև սիրված է, քանզի նրան հեշտ է սիրել: Նա բաց է իր հանդեպ բարի վերաբերմունքի նկատմամբ: Կանանց անհրաժեշտ է համոզվել, որ տղամարդը հոգում է իրենց մասին, այլ ոչ թե իր ցանկության կամ կարգավիճակի: Համոզվելու դեպքում նրա հետ կարելի է թեկուզ աշխարհի ծայրը հասնել: Իսկ տղամարդիկ պետք է վստահ լինեն, որ կանայք իրենց ընկալում են որպես հենարան, ապագա երեխաների հայր, ընտանիքի պատվար:

Արմինե Ավագյան, Գայանե Սարգսյան

Comments

comments